ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Ես պայման եմ կապել հավերժության հետ

Ես պայման եմ կապել հավերժության հետ
03.09.2024 | 08:50

Չէ, ես չեմ կորչի, չեմ անհետանա։

Ես ժամանակ կդառնամ ու կհոսեմ ինչ-որ մեկի կյանքում

Ու նրա հուսահատ պահերին կանգ կառնեմ, որ շունչ քաշի:

Հետո հետ կհոսեմ դեպի մանկություն, որ հավատա հրաշքին։

Կամ տարածություն կդառնամ ու կընդլայնեմ տիեզերքը մի արևադարձային գալակտիկայով:

Ապաստան կտամ բոլոր միայնակ աստղերին ու մոլորյալ մոլորակներին, որ իրենց մենակ չզգան տիեզերքի սառը դատարկության մեջ։

Ես հիշողություն կդառնամ ու կխառնվեմ հարազատներիս մտքի թելերին, որ իրենց կյանքի ցուրտ եղանակին ծածկվեն ինձնով։

Ես հույս կդառնամ ու կմխիթարեմ անդունդի եզրին կանգնածին։

Ձայն կդառնամ ու կճախրեմ ջութակի լարերի վրա ու ծիծաղիս օբերտոներով կթեթևացնեմ լացակումած նոտաների ճակատագիրը։

Ես սեր կդառնամ ու կփաթաթվեմ ատելության բաց մալուխներին, որ իրար չկպչեն։

Երջանկության կամուրջ կդառնամ ու կպառկեմ վշտի անդունդների վրա։

Չէ, ես չեմ կորչի, հույս չունենաք՝ ո՛չ հավատացյալներդ, ո՛չ աթեիստներդ:

Ես պայման եմ կապել հավերժության հետ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 13279

Մեկնաբանություններ